Մանուկ Հարությունյանը, թավջութակահար և ռեստավրատոր, 1988-ին ստեղծել է մանջութ գործիքը, որի ձայնը հիշեցնում է քամանչայի տխուր լացը և ջութակի խուլ տենորը: Մանուկը նաև երկար տարիներ հայկական ժողովրդական գործիքների հավաքածու է կուտակում և ունի հազվագյուտ հին գործիքներ:
-Մանուկ, կպատմեք, ինչպես սկսեցիք հավաքել այդ եզակի հավաքածուն:
-Հետաքրքրությունը ժողգործիքների հանդեպ իմ մոտ սկսվել է դեռևս 1980-ականներին, երբ ես <<Կռունկ>> պարային համույթի կոնցերտմեյստերն էի և պարբերաբար հանդիպում էի լավագույն վարպետների հետ, նրանք աչքիս առաջ վերականգնում էին տարբեր հայկական գործիքներ: Շատ հետաքրքիր էր իմանալ վերականգնման արվեստի նրբությունները, իսկ հետո սկսեցի ինձ համար բացահայտել մեր ժողովրդական նվագարանների ձայնի գեղեցկությունն ու հսկայական բազմազանությունը:
Ես շրջում էի Հայաստանով, և ամեն անգամ կրկին բացահայտում էի ժողովրդական երաժշտության խորությունը: Այդ ժամանակ էլ մոտս ցանկություն առաջացավ՝ հնագույն գործիքների նմուշներ հավաքել: Որոշ գործիքներ վերականգնման կարիք ունեին: Ի դեպ, շատ գործիքներ, որոնք ներկայացված են հին հայկական ձեռագրերում և մանրանկարներում, այսօր այլևս գոյություն չունեն: Նաև կան այնպիսի ժողգործիքներ, որոնք այսօր շատ քիչ են կիրառվում: Դրանք այլևս չեն հետաքրքրում ժամանակակից սերնդին, և երաժշտական դպրոցներում չկան այդ գործիքները նվագելու դասընթացներ: Բայց չե՞ որ երաժշտությունն ու ժողովրդական նվագարանները մշակույթի հիմքում են ընկած:
-Ինչպես՞ ստեղծվեց մանջութը:
-Ջութը հնագույն հայկական լարային գործիք է, որը հայկական լարային գործիքների և եվրոպական ջութակի, թավջութակի նախնին է: Պատրաստել եմ իսկական ջութ, որը կրկնում է հնագույն գործիքի հնչերանգն ու չափսերը, իսկ հետո որոշեցի այն մի փոքր փոխել: Տեսել էի չելլո պիկկոլո (փոքրիկ թավջութակ) հնգալար գործիքը, որը դարեր առաջ պատրաստվել էր Յոհան Սեբաստիան Բախի պատվերով: Շատ հետաքրքիր եր այդ գործիքը ինց համար, և որոշեցի ստեղծել նման մի գործիք:
Այդպես ծնվեց մանջութը, որը ուներ նույն չափսերը, ինչ չելլո պիկկոլոն՝ բայց այլ տեսք: Մանջութը նման է թավջութակի, բայց ավելի փոքր է, և թավջութակին հատուկ սուր անկյունները հարթեցված են: Ես այն ստեղծել եմ լավագույն վարպետներից մեկի՝ Հրանտ Շտիկյանի հետ, որին հաջողվել է ստանալ անսովոր, հագեցած հնչողություն: Նշեմ, որ գործիքի կոթում Հրանտը օգտագործել է փայտի մի կտոր, այն շատ վաղուց Արևմտյան Հայաստանից բերել է նրա տատիկը… Մանջութը պատրաստված է եղևնուց, տանձենուց և ընկուզենուց:
-Իսկ երբ՞ առաջին անգամ մանջութը հնչեց բեմից:
-Առաջին անգամ ներկայացրեցի մանջութը Կանադայում կայացած համերգի ժամանակ, 1989 թվականին: Հիմա ես ներկայացնում եմ հայկական ժողովրդական ու հոգևոր երաժշտությունը տարբեր երկրներում մանջութի ձայնով:
-Խոսենք նաև քո հավաքածուի մասին:
-Իմ հավաքածուն մոտ 200 գործիքներից է բաղկացած: Ավաղ, նա պահվում է տարբեր տեղերում և չի ցուցադրվում: Շատ կուզենայի հնագույն հայկական գործիքների թանգարան ստեղծել: Դա պետք է լինի մի շենք, որտեղ կլինեն ցուցասրահներ հավաքածուի նմուշների (լարային, կսմիթային, փողային ու հարվածային) համար, նաև սրահ, որտեղ կարելի է տալ համերգներ: Բոլոր այդ սրահները պետք է համապատասխան պայմաններ ունենան: Նաև պետք է լինի արհեստանոց վնասված գործիքների նորոգման և վերականգնման համար: Այդպիսի թանգարանի ստեղծումը իմ կյանքի գլխավոր նպատակն է: Հուսամ, որ մի օր կիրականանա: