Հայ ժողովրդի մշակույթը՝ ճարտարապետություն, գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, ունի բազմադարյան պատմություն:
Ճարտարապետություն
Ամենավաղ ճարտարապետական շինությունը, որ հայտնաբերվել է Հայաստանում, դա Էրեբունի ամրոցն է։ Նա վերաբերվում է Ուրարտուի ճարտարապետությանը։ Ամրոցի հարավ-արևմտյան մասի գլխավոր շենքը Խալդի աստծո տաճարն է։ Տիգրան Մեծի օրոք զարգանում է քաղաքաշինությունը և հելենիստական մշակույթը։ 301թ.-ից սկսած, երբ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն, ողջ հելենիստական մշակույթը կործանման դատապարտվեց։ Քանդվեցին բոլոր հեթանոսական տաճարները, բացառությամբ Գառնիի, որը կառուցված է եղել ի պատիվ Միհր աստծո։ Հայկական ճարտարապետությունը շարունակում է զարգանալ 7-10-րդ դարերում, կառուցվում են եկեղեցիներ, տաճարներ, օրինակ՝ Զվարթնոցի տաճարը, Տաթևի վանքը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Վահանավանքը, Գնդեվանքը, Սանահինի վանքը, Հաղպատավանքը և այլն։ 12-13-րդ դարերի առավել հայտնի հուշարձաններն են՝ Հառիճի վանքը, Մակարավանքը, Տեղերի վանքը, Հովհաննավանքը, Գանձասարը, Հաղարծնի վանքը և այլն: Հայկական ճարտարապետության մեջ մեծ դեր է խաղում տուֆը, որը ամենատարածված շինանյութն է Հայաստանում:
Գրականություն
Մեզ հասած հայերեն լեզվով ամենահին գրական ստեղծագործությունները պատկանում են 5-6-րդ դարերին: Դրանք Մովսես Խորենացու("Պատմություն Հայոց"), Կորյունի ("Վարք Մաշտոցի") պատմական ստեղծագործություններն են, ինչպես նաև աստվածաբանական գրքերի հայերեն թարգմանությունները։ Վաղ միջնադարում (11-րդ դար) ստեղծագործել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, "Թղթեր" աշխատության հեղինակը, որտեղ շոշափվում են փիլիսոփայական, քաղաքական, աստվածաբանական և գիտական հարցեր։ Նա հայերեն է թարգմանել նաև Էվկլիդեսի "Սկզբունքներ" աշխատությունը: Պատմական հայտնի աշխատություններ են գրել նաև Հովհաննես Դրասխանակերտցին ("Հայոց պատմություն" և "Շարից հայրապետացն Հայոց", 9-րդ դարի վերջ և 10-րդ դարի սկիզբ), Թովմա Արծրունին (960-1030), Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) և այլոք։ "Սասունցի Դավիթ" էպոսը, որտեղ պատկերվում է հայ ժողովրդի պայքարը ազատության համար, ստեղծվել է 7-10-րդ դարերի ընթացքում։ Հայկական պոեզիայի ավելի հին քնարական, բարոյախրատական և փիլիսոփայական արտացոլումը կարելի է գտնել Գրիգոր Նարեկացու (951-1003), Ներսես Շնորհալու (1112-1173), Հովհաննես Թլկուրանցու (14–15 դարեր), Ֆրիկի (13–14 դարեր) և այլոց ստեղծագործություններում։ 12-13-րդ դարերում են ստեղծագործել առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին: 19-րդ դարում հայ գրականությունն ու արվեստը զարգանում էին ռուսական և արևմտաեվրոպական մշակույթի ազդեցության ներքո։ Այս ժամանակաշրջանում են ստեղծվել Ղևոնդ Ալիշանի պատմությունները, Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան),Ալեքսանդր Շիրվանզադեի վեպերը, Պետրոս Դուրյանի, Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան), Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի պոեմներն ու բանաստեղծությունները, Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի դրամաները։ Հայաստանում են ստեղծագործել նաև այնպիսի պոետներ, ինչպիսին են Վահան Միրաքյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիքյանը և շատ ուրիշներ:
Երաժշտություն
Հայկական երաժշտությունը ունի հազարամյակների պատմություն։ Մ․թ․ա․ 3-րդ դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, պաշտամունքային (հեթանոսական) և գուսանների ժողովրդական արվեստը։ Քրիստոնեությունը 301 թ. ընդունելուց հետո զարգանում է նաև քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը: Գուսաններ՝ այսպես են անվանում հայ ժողովրդական երգիչներին։ Գուսանական երաժշտությունն սկիզբ է առնում ստրկատիրական դարաշրջանի Հայաստանի վիպասանների արվեստից։ Գուսանները հանդես էին գալիս խնջույքներում, հարսանիքներում և ժողովրդական գործիքների ուղեկցությամբ կատարում էին իրենց երգերը։ 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին։ Շարականները հոգևոր երգերն են։ Շարականը՝ պոեզիայի, երաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզ է։ Տաղերը շարականների պես երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Հայ երգահաններ Կոմիտասը և Գրիգոր Սյունին հավաքում էին ժողովրդական երգեր և օգտագործում համերգային ելույթների ժամանակ։ Հայտնի երգահաններից են նաև Տիգրան Չուխաջյանը (1837-1898), հայ առաջին օպերաների, օպերետաների, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների հեղինակ, Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928) և Արմեն Տիգրանյանը (1879-1950):
Թատրոն
Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից: Մեզ հասած առաջին դրամատուրգիական ստեղծագործություններն են Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու "Ադամգիրքը": 17-19-րդ դարերում թատրոնը զարգացավ նաև Լվովի, Մոսկվայի, Վենետիկի, Վիեննայի, Կալկուտայի հայկական գաղթօջախներում։ 19-րդ դարը հայկական թատրոնի զարգացման նոր փուլ էր՝ Կոստանդնուպոլսում Մ․ Բժիշկյանի ղեկավարությամբ բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները, այստեղ աշխատում է "Արամյան թատրոն"-ը (ղեկավար՝ Հովհաննես Գասպարյան), Գ․ Շերմազանյանը Թիֆլիսում ստեղծում է "Շերմազանյան դարպաս" թատրոնը։ 19-րդ դարի 1850-ական թվականներին Կոստանդնուպոլսում գործում էին մի քանի սիրողական թատրոններ, իսկ 1860-ական թվականների սկզբին սիրողական թատերախմբերից ձևավորվում են հայկական պրոֆեսիոնալ թատրոններ՝ "Արևելյան թատրոն"՝ Հեքիմյանի գլխավորությամբ Կոստանդնուպոլսում և Գ․ Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում: Հայկական ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիրն էր Գաբրիել Սունդուկյանը ("Պեպո", "Խաթաբալա", "Էլի մեկ զոհ" և այլ ստեղծագործություններ): 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ազգային դրամատուրգիայի ռեալիստական ավանդույթներն արտահայտվեցին Հակոբ Պարոնյանի ("Պաղտասար աղբար"), Ալեքսանդր Շիրվանզադեի ("Պատվի համար", "Եվգինե", "Արմենուհի" և այլն), Լևոն Շանթի ("Հին Աստվածներ") ստեղծագործություններում։ Այդ ժամանակ սկսեցին ստեղծագործել դրամատուրգներ Վրթանես Փափազյանը ("Ժայռ"), Ս․ Տարայանը ("Սոկրատես"), Է․ Տեր-Գրիգորյանը, Նար-Դոսը, Լ․ Մանվելյանը, Դերենիկ Դեմիրճյանը և այլն:
Գորգագործություն
Հայկական գորգը տերմին է, որը բնութագրում է խավավոր և ոչ խավավոր գորգերը, որոնք գործվել են Հայկական լեռնաշխարհի տարածքում և նրա սահմաններից դուրս ապրող հայերը զբաղվել են գորգագործությամբ դեռևս նախաքրիստոնեական շրջանից (մինչև մ․թ․ա․ 4-րդ դար)։ Գորգագործությունը հանդիսանում է հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի տարատեսակներից մեկը։ Հայկական գորգերի զարդանախշերում կիրառվում են մարդկանց և կենդանիների ոճավորված պատկերներ։ Սովորաբար Հայաստանում գորգերը փռում են հատակին, տան ներքին պատերին, բազմոցներին, մահճակալներին։ Մինչ այժմ հաճախ գորգեր են կախվում դռան մուտքի մոտ, տաճարների և եկեղեցիների խորաններում։
Կերպարվեստ
Հայկական կերպարվեստը ներկայացվում է որմնանկարչության, գեղանկարչության, մանրանկարչության, քանդակագործության, գորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր տարատեսակներով: Հայկական որմնանկարչության հայտնի նմուշները պատկանում են 7-րդ դարին (Լմբատավանք, Սուրբ Գրիգոր եկեղեցի և այլն) և վկայում են ինտերիերի նկարազարդման մնայուն ավանդույթի մասին։ Հայկական վաղ միջնադարյան քանդակները ներկայացված են 4-5-րդ դարերի քարակոթողներով, զարդաքանդակավոր և սյուժետային ռելիեֆներով։ Առավել վաղ նմուշները՝ Աղձքի Արշակունիների գերեզմանաքարերի ռելիեֆները, պատկանում են 364 թվականին։ 5-7-րդ դարերում ձևավորվում է խաչքարերի արվեստը՝ քարակոթողներ՝ խաչի փորագրված պատկերով։ Խաչքարային արվեստը հասնում է իր զարգացման գագաթնակետին 12-13-րդ դարերում: Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի պատմության մեջ առաջատար տեղ է զբաղեցրել գրքային մանրանկարչությունը: Ամենավաղ նմուշները պատկանում են 6-7-րդ դարերին: Հայկական մանրանկարչության յուրահատկությունն է հանդիսանում տարբեր դպրոցների՝ Կիլիկիայի,Գլաձորի, Տաթևի, Վասպուրականի բազմազան ոճեր:
Կինո
Հայկական կինեմատոգրաֆը ստեղծվել է 1923թ ապրիլի 16-ին, երբ կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Կինոյի Պետական Կոմիտեն: 1924թ Երևանում ստեղծվեց առաջին հայկական կինոստուդիան՝ Հայֆիլմը, նույն թվականին նկարահանելով Խորհրդային Հայաստանի առաջին փաստագրական ֆիլմը: Առաջին հայկական սև-սպիտակ համր ֆիլմը՝ Նամուս"-ը, նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա 1925թ.։ Ֆիլմի ռեժիսորնը, Համո Բեկնազարյանը, նկարահանել է նաև առաջին ձայնային ֆիլմը՝ "Պեպո"-ն 1935թ: Հայտնի ռեժիսորներից են նաև Սերգեյ Փարաջանովը ("Նռան գույնը"), Հենրիկ Մալյանը ("Նահապետ"), Արտավազդ Փելեշյանը ("Տարվա եղանակները"), Էդմոնդ Քյոսայանը, Ֆրունզե Դովլաթյանը, Միքայել Վարդանովը ("Փարաջանով։Վերջին գարուն", Լևոն Մկրտչյանը ("Հովհաննես Շիրազ"), Ատոմ Էգոյանը ("Արարատ"), Մայքլ Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է հայկական ցեղասպանության, ժամանակակից հայկական պատմության և պատմական Հայաստանի մասին փաստագրական ֆիլմերով: Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆն ամեն տարի նկարահանում է 2 կամ 3 խաղարկային ֆիլմ, 8 կարճամետրաժ և 15 վավերագրական ֆիլմեր։
Արվեստ
- 8009