ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐԸ լիամետրաժ կինոնկարը ՝ Արամ Խաչատրյանի մասին

«Սուսերով պարը» լիամետրաժ կինոնկարի նկարահանումները (ռեժ.՝ Յուսուպ Ռազիկով) ավարտված են։

Փետրվարի 24-ին Յարոսլավլում «Մարս Մեդիա» կինոընկերությունն սկսեց «Սուսերով պարը» լիամետրաժ կինոնկարի նկարահանումները (ռեժ.՝ Յուսուպ Ռազիկով)։ Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը։ Ֆիլմում ներկայացված է Արամ Իլյիչ Խաչատրյանի հանրահայտ գլուխգործոցի՝ «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը։ Նկարահանումների վերջին օրերն անցկացվել են Երևանում, 2018թ. ապրիլի վերջին։ «Մարս Մեդիա» կինոընկերության մամուլի ծառայությունը տեղեկացրել է ֆիլմի նկարահանումներն ավարտելու մասին։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հանդես է եկել որպես ֆիլմի խորհրդատու։ Թանգարանի և նկարահանող խմբի համագործակցության մասին է պատմում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։


- Նման մեծության անձնավորության մասին ֆիլմ, այն էլ՝ գեղարվեստական ֆիլմ նկարահանելն, իհարկե, շատ պատասխանատու գործ է։ Ժամանակաշրջանը, որն ընդգրկված է «Սուսերով պարը» ֆիլմում, 1940-ական թվականներն են, երբ ստեղծվել է «Գայանե» բալետը։ Ֆիլմը ներկայացնում է հայտնի գլուխգործոցի՝ «անհնազանդ ու աղմկոտ զավակի», ինչպես այն անվանում էր Արամ Իլյիչ Խաչատրյանը, «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը։ 1942-ի ցուրտ աշուն, Հայրենական մեծ պատերազմ, Մոլոտով քաղաք, որը պատերազմն սկսվելու նախօրեին վերանվանվել էր Պերմ։ Այստեղ էր էվակուացվել Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը։ Էվակուացիա, սով, ցուրտ, անհայտություն... «Գայանե» ներկայացման վերջնական աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն, վերջին փորձից առաջ, Խաչատրյանն անսպասելիորեն ստանում է տնօրինության հրամանը՝ ստեղծել ևս մեկ պար արդեն պատրաստ բալետի վերջնամասի համար։ 8 ժամվա մեջ կոմպոզիտորը գրում է իր ամենից շատ կատարվող ստեղծագործությունը։


Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 4 տարի առաջ։ Մենք հանդիպեցինք ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Մանասյանի հետ, որը պատմեց ֆիլմի մտահղացման մասին, և Խաչատրյանի տուն-թանգարանն օգնեց ինչով կարող էր՝ գրքեր, նյութեր Մաեստրոյի մասին, տարբեր տեղեկություններ թանգարանի պահոցից, կոմպոզիտորին պատկանող իրեր, խորհրդատվություն և այլն։ Մենք մի քանի անգամ հանդիպել ենք նաև ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովի հետ. զգացվում էր, թե ինչ սիրով ու պատասխանատվությամբ է նա վերաբերվում Արամ Խաչատրյանի անձին ու թողած ժառանգությանը, ինչ մանրակրկտությամբ է ուսումնասիրում ողջ նյութը, որպեսզի հետագայում այդ ամենը լավագույնս ներկայացնի ֆիլմում։


Ֆիլմի նկարահանումներն սկսվել են Ռուսաստանում, Յարոսլավլում և Յարոսլավլի մարզում, իսկ վերջին երկու շաբաթներն անցկացվել են Երևանում, որտեղ նկարահանման հիմնական հարթակ է դարձել Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնը։ Ինչ վերաբերում է տուն-թանգարանին, ապա ժամանակի առումով այն չէր համապատասխանում ֆիլմում ընդգրկված տարիներին, դրա համար էլ Մաեստրոյի տուն-թանգարանում նկարահանումներ չեն իրականացվել։ Հուսով եմ, որ այս առաջին փորձը հաջողված կլինի, ֆիլմը կկայանա, չէ՞ որ նկարահանողների պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել, կատարվել է մեծ աշխատանք։ Արամ Իլյիչ Խաչատրյանի դերը կատարել է ռուսաստանցի տաղանդավոր դերասան Համբարձում Կաբանյանը՝ «Պյոտր Ֆոմենկոյի դասարանից»։


Երևանյան նկարահանումները համընկան ապրիլի վերջին ընթացող թավշյա հեղափոխության օրերին, համընդհանուր խնդությունն ու Հայաստանի մթնոլորտն էլ ավելի խանդավառեցին ստեղծագործական թիմին, այս մասին մեզ պատմեցին մի խումբ դերասաններ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած հանդիպման ժամանակ։ Ռուսաստանցի դերասաններից մեկն իմ հարցին, թե ինչ կարող է ասել նկարահանումների հայաստանյան օրերի մասին, պատասխանեց. «Կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն էր, ոչ միայն արտիստական առումով, այլև առհասարակ, հրճվանք եմ ապրում, և այդ օրերին ամբողջ խումբն էր այդ հոգեվիճակի մեջ»։
Կինոնկարը նկարահանվել է Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ։