Երբ գիտակցումը, թե ուրիշի կյանքը նույնպիսի արժեք է, ինչպիսին և սեփականդ, արտացոլվում է ոչ միայն առօրյա կյանքում, այլև արվեստում, այդժամ տեղի է ունենում շատ կարևոր մի բան. արվեստն անգամ ամենաանտարբեր մարդու մեջ արթնացնում է ոչ միայն իր, այլև մերձավորի համար ապրելու ցանկություն։
«Լորիկ» ֆիլմում (արկածներ, ֆանտաստիկա, տրագիկոմեդիա), որի գլխավոր հերոսը անտարբեր, էքսցենտրիկ դերասան Լորիկն է, որն ապրում է իր մարմնավորած կերպարների աշխարհում, մենք արվեստի ուժով արարվող հենց այդ հրաշքն ենք տեսնում։ Ներքին փոխակերպումից հետո Լորիկն սկսում է զգալ ուրիշի ցավը, նրա մեջ ծնվում է մարդկանց օգնելու ցանկություն, որոնց խնդիրները մինչ այդ նրան բնավ չէին հուզում։
2016թ. սեպտեմբերի վերջին ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին, սկսվել է postproduction շրջանը, այսինքն՝ ֆիլմը վերջնական տեսքի բերելու շրջանը, մոնտաժման-ֆոնոգրամի ստեղծման (տոնիրովկա) պրոցեսը, որի ավարտից հետո կներկայացվի կինոդիտողին։
«Լորիկ» ֆիլմի գաղափարի և սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար (Լորիկի դերում), ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը պատմում է, թե ինչպես է մտահղացել ֆիլմը ստեղծելու գաղափարը, և ինչպես են ընթացել այն իրականացնելու աշխատանքները։
-Պատմեք, խնդրեմ, թե ինչպես է ծնվել արտասովոր, ժանրով բարդ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը։
-Արդեն մի քանի տարի է՝ ցանկանում էի դերասանի մասին ֆիլմ ստեղծել։ Եվ գլխավոր հերոսը՝ Լորիկը, ինչ-որ չափով գուցե նաև... իմ նախատիպն է։ Տարիների հետ պարզապես դերասաց լինելն ինձ ավելի ու ավելի էր ճնշում... Պարզապես արհեստավոր դերասան լինելն ինձ երբեք չի ոգեշնչել։ Իսկ հիմա ուզում եմ ինքս ստեղծել իմ կերպարները. միայն այդ դեպքում եմ ես լիակատար բավարարված զգում իմ մասնագիտությունից։ Երևի, դրա համար էլ լույս աշխարհ եկավ Լորիկ անունով կերպարը։
Բեմն ինձ համար միշտ հատուկ, գրեթե սրբազան վայր է եղել։ Քանի որ մինչև բեմ դուրս գալը պիտի դրա իրավունքը նվաճած լինես՝ հանդիսատեսի առջև խաղալու իրավունքը։ Դերը կարելի է ստացված համարել, երբ ինչ-որ բան սովորեցնում է, ստիպում հանդիսատեսին մտորել։ Կարծում եմ, որ ես՝ որպես մեկը, ով կարող է հայտարարել ինքն իր մասին՝ անկախ իր խաղացած կերպարի դերից, կայացել եմ 1996 թվականին, երբ ստեղծվեց «Խաթաբալադա» ներկայացումը... Կողքիս ընկերս էր՝ Արմեն Համբարձումյանը, որի հետ ստեղծեցինք այդ ներկայացումը, և ահա այդ ժամանակ սկսվեց այն ճանապարհը, երբ գլխավոր դերում ոչ թե դերասան Միքայելն էր, այլ մարդ Միքայելը, և դերասանն սկսեց անել այն, ինչ մարդը կաներ։ Եվ այսպես, մեկը մյուսի հետևից ստեղծվեցին ներկայացումներ ու ֆիլմեր, որոնցում փորձում էի ազնվորեն ցույց տալ այն, ինչ մտատանջում էր ինձ, ցավ պատճառում, անարդար թվում։ Ու ահա հիմա ծնվել է «Լորիկ» ֆիլմը։
Այս կինոնկարն իր մեջ ամբարել է իմ անցած ամբողջ ստեղծագործական ճանապարհը, սա այն ամենի խտանյութն է, ինչին հասել եմ դերասանի իմ մասնագիտության մեջ։ Ես միշտ ցանկացել եմ մասնագիտությունս բարձրացնել իրական իրադարձությունների մակարդակին, երբ արվեստի օգնությամբ կարող ես իսկապես օգնել ինչ-որ մեկին։ Երբ դու քո ստերիլությունից հանկարծ հայտնվում ես մի իրավիճակում, որտեղ արդեն խաղի միանգամայն այլ կանոններ են գործում, և սկսում ես կյանք սովորել ու ինքդ էլ արվեստի «վիրուսով» վարակել մարդկանց...
Իսկ ո՞վ է ֆիլմի գլխավոր հերոսը՝ Լորիկը։ Չէ՞ որ նա էությամբ այնքան դերասան է, որ իր դերերով հեռացել է իրական կյանքից, իսկական խնդիրներից։ Նա ապրում է միայն իր կերպարների կյանքով, բայց սեփական դեմքը կորցրել է... Նրա ողջ կյանքն անցում է մի դերից մյուսը։ Լորիկն իր համար միկրոմիջավայր է ստեղծել, որտեղ ապրել է միայն իր ստեղծագործական կյանքով։ Չնայած հասարակությունն այսօր համակված է լուրջ սոցիալական խնդիրների տագնապով, Լորիկը, սակայն, թաքնվում էր իր կերպարների դիմակների հետևում և լրիվ անտարբեր էր շրջապատի մարդկանց հոգսերի հանդեպ։ Նրա կյանքում սեր նույնպես չէր եղել՝ ո՛չ մարդկանց հանդեպ առհասարակ, ո՛չ էլ Կնոջ։ Բայց ֆիլմի ընթացքում Լորիկն սկսում է փոխվել։ Եվ ամենագլխավորն այն է, որ նա սիրելու և հանուն իր սիրո արարք գործելու ընդունակություն է ձեռք բերում. չէ՞ որ իսկական սերը ոչ թե խոսքեր, այլ արարքներ է նշանակում։ Թեև սերը նրան «այցելեց» միայն այն ժամանակ, երբ իր կերպափոխումների շնորհիվ կարողացավ կյանքին այլ աչքերով նայել։ Չէ՞ որ կյանքը, ըստ էության, հենց ամենաբարդ ներկայացումն է որ կա, որը կարող ես խաղալ և պիտի խաղաս արժանապատվորեն։ Երբ մտնում ես կյանքի ներկայացում և փորձում ինչ-որ բան փոխել այնտեղ, մարմին տալ, ավելի լավացնել՝ այդ ժամանակ էլ հենց իսկապես մարդ ես դառնում։
Այսպիսի արտահայտություն կա. մենք զբաղվում ենք արվեստով, որպեսզի չմահանանք ճշմարտությունից... Լորիկը սկզբում այս ճանապարհն էր ընտրել. որպեսզի չմահանա ճշմարտությունից՝ նա իրեն դուրս էր դրել կյանքից, փակվել իր ստեղծագործության մեջ, թաքնվել արվեստում։ Բայց հետո դուրս եկավ իր «կճեպից» և, վերջապես, մտավ իրական կյանք։ Գուցե հենց այդ ժամանակ էլ բացահայտվեց նրա իսկական դերասանական շնորհը, նա արդեն ոչ թե պարզապես դերասաց էր, այլ իսկական դերասան, հոգի բուժող... անգամ՝ մարմին։
-Ինչո՞ւ է Լորիկը հեռանում ֆիլմի վերջում։ Բավական դաժան վերջաբան է մի մարդու հանդեպ, ով նման դժվարին ճանապարհ է անցնում և միայն վերջում հասկանում կյանքի բուն էությունը, զգում նրա իրական գույները։
-Ֆիլմի վերջն իրականում բնավ միանշանակ չէ, և անհնար է վստահաբար ասել, թե Լորիկը մահանում է։ Բայց ֆիլմի գլխավոր գաղափարը ինքնազոհողությունն է։ Գլխավոր հերոսն իրեն զոհում է հանուն բարձր նպատակի՝ երեխայի փրկության։ Այսպիսին է Լորիկի ստեղծագործական և կենսական ճանապարհի ավարտը։ Ավելի մանրամասն չեմ պատմի, ամեն բան պարզ կդառնա ֆիլմը դիտելու ժամանակ։
-Ինչպե՞ս էին ընթանում ֆիլմի ստեղծման աշխատանքները։ Ե՞րբ սկսեցիք գրել սցենարը։
-Սկզբում, դեռ մի քանի տարի առաջ, մի փոքր այլ սցենար էի գրել, կրկին դերասանի մասին, ով կերպափոխումներ էր ունենում։ Մտադիր էի ֆիլմը «Դոպլեր» անվանել։ Բայց զգում էի, որ սցենարում ինչ-որ բան այն չէ, որ այն չի արտահայտում ֆիլմի ու նրա կերպարների մասին իմ պատկերացումները։ Այդ սցենարն այդպես էլ անավարտ մնաց, բայց ծնվեց Լորիկի մասին ֆիլմի գաղափարը, որում արտացոլվեցին իմ այսօրվա պատկերացումները կյանքի, մեր իրականության և դերասանի մասնագիտության մասին։ Սկզբում սցենարի վրա աշխատում էի Մարիա Սահակյանի (ռեժիսոր) հետ միասին, բայց հետո մենք հայտնվեցինք փակուղում, և մեր ստեղծագործական ուղիները բաժանվեցին։ Սցենարում որոշ ճշգրտումներ մտցրեց նաև Ալեքսեյ Զլոբինը (ֆիլմի բեմադրող-ռեժիսորը), բայց ֆիլմի միջուկը, էությունը մնացին այնպիսին, ինչպես ես էի մտածել ամենասկզբում։
-Գաղտնիք չէ, որ շատ սցենարներ երբեմն տարիներ շարունակ սպասում են ֆինանսավորման...
–Գիտե՞ք, լավագույն դերերս ու ներկայացումներս խաղացել եմ իմ երևակայության մեջ, բայց ո՞ւմ են դրանք պետք, եթե ոչ ոք չի տեսել։ Եթե քեզ ոչ ոք չհավատա և ձեռք չմեկնի, այդ ամենն այդպես էլ կմնա քո երևակայության մեջ, ո՛չ ավելին։ Աջակցություն գտնելու համար գաղափարը ոչ միայն ինքնատիպ, հետաքրքիր պետք է լինի, այլև անպայման պիտի վարակի բոլորին։ «Լորիկի» սցենարը հենց այդ վարակիչ գաղափարը դարձավ այն մարդկանց համար, ովքեր մասնակցություն ունեցան ֆիլմի ստեղծմանը՝ թե՛ նյութապես, թե՛ ստեղծագործական առումով։ Ինձ համար իսկական հրաշք էր կողքիս Մարտին Մինասյանի հայտնվելը, որը դարձավ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, որովհետև երբ նման մարդիկ են կողքիդ հայտնվում, դա նախանշում է, որ ամեն բան ճիշտ ես անում և ճիշտ ճանապարհին ես ստեղծագործական ցանկություններիդ, փնտրտուքներիդ մեջ։ Եվ երբ քո գաղափարը հանկարծ դառնում է նաև այդ մարդու գաղափարը, երբ նա օգնում է, որ կյանքի կոչես այդ ամենը՝ դա իսկապես հրաշք է։
-Իսկ ինչպե՞ս հավաքվեց ֆիլմի ստեղծագործական խումբը։ Ինչպե՞ս ընտրվեց ռեժիսորը։
–Երկար մտածեցի, թե ում հետ եմ սկսելու... Առաջինը նկարիչ Արմեն Ղազարյանն էր, որի հետ մի ժամանակ աշխատել էի. արժանավոր մարդ է, իսկական պրոֆեսիոնալ։ Նա առաջինը միացավ մեր նկարահանման խմբին որպես բեմադրող-նկարիչ։ Հետո մեզ միացավ Վահագն Տեր-Հակոբյանը՝ մեր բեմադրող-օպերատորը, որի հետ միասին «Երևան-Բլյուզն» ենք ստեղծել։ Հետո արդեն աշխատակազմը հավաքվեց, նաև կամավորներ եկան։ Արդյունքում՝ մեր նկարահանման խումբն ավելի քան հիսուն մարդ կազմեց։
Երբ մենք ծանոթացանք ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի հետ, հասկացանք, որ գտել ենք «Լորիկ» ֆիլմի ռեժիսորին։ Զլոբինն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսին են Գերմանը, Սակուրովը, Ռյազանովը, աշխատել է Ֆոմենկոյի թատրոնում, բանիմաց ու ստեղծագործ մարդ է։ «Լորիկը» նրա ինքնուրույն առաջին ֆիլմն է։ Նկարահանումների նախապատրաստական գործընթացն սկսվելէ մայիսին և տևել մինչև օգոստոս։ Ֆիլմը նկարահանվել է 25 օրում, ինչն, ինքնըստինքյան, ֆենոմենալ բան է կինոյի աշխարհում. նման ժամկետում ոչ ոք մի ամբողջ գեղարվեստական ֆիլմ չի նկարահանում։ Բայց ամեն բան արվեց միահամուռ, մի շնչով, դրա համար էլ ստացվեց։ Երկրորդ ռեժիսորն է Անժելիկա Ժդանովան, որին հրավիրեց Զլոբինը։ Անժելիկան նույնպես հսկայական, չափազանց կարևոր ներդրում ունեցավ ֆիլմի նկարահանումների գործընթացում։ Ընդհանրապես, ֆիլմի ստեղծագործական խումբն առանձնահատուկ էր՝ բոլորն էին տաղանդավոր և հստակ հասկանում էին ֆիլմի էությունը, հետաքրքիր ու անսովոր մոտեցում ունեին...
-Պատմեք ֆիլմի դերասանական կազմի մասին։
–Անուշկայի՝ այն կնոջ դերում, ով այդպես անձնվիրաբար սիրում է Լորիկին և ում հանդեպ սերը հետո այդպես թև է տալիս մեր գլխավոր հերոսին, մենք երկար ժամանակ Չուլպան Խամատովային էինք տեսնում։ Դերասանուհին կարդացել էր սցենարը և մեծ հաճույքով համաձայնել խաղալ դերը։ Բայց, ցավոք, համագործակցությունը չստացվեց, որովհետև Խամատովան արդեն պայմանագիր ուներ ավստրիացի կինեմատոգրաֆիստների հետ... Անուշկային բավական երկար փնտրեցինք, բայց վերջում կանգ առանք դերասանուհի Եվգենյա Դմիտրիևայի թեկնածության վրա (կինոդիտողին նա հայտնի է, նախ, ներկայացումներում, ֆիլմերում և սերիալներում խաղացած բազմաթիվ դերերով. Եվգենյան նկարահանվել է ավելի քան վաթսուն կինոնկարում։ Ամենահայտնիներն են «Զազա»-ն, «Էյֆորիա»-ն, «Երեք կիսագեղուհիները»)։ Լորիկի հարևանի՝ Ջոնիկի (նախկին բիթլոման, երաժիշտ, ով ստիպված է մեքենա կայանող աշխատել) դերի համար շատ հարմար էր բոլորիս հայտնի երգիչ Ֆորշը...
Ֆիլմի ամենակարևոր կերպարներից մեկն Ասենկան է՝ հիվանդ մի աղջիկ, որին ծանր հիվանդությունից փրկելն էլ հենց դառնում է Լորիկի մեծագույն ցանկությունը։ Աղջկա դերակատարին պատահաբար գտանք. մի անգամ նկարահանումների տեղն ընտրող մեր ասիստենտը հետն աշխատանքի էր բերել իր դստրիկին... Աղջկան տեսնելուն պես հասկացանք. ահա և Ասենկան։ Աղջկա անունը Իրենոչկա է, ութ տարեկան է, և ես կարծում եմ, որ այս փոքրիկը պարզապես գյուտ էր մեր ֆիլմի համար։ Մի սքանչելի փոքրիկ մարդուկ, որը ֆիլմին արև բերեց, մանկական անմիջականություն և ուրախ գույներ։ Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո, հիշում եմ, որոշեցինք աղջկա համար տոն կազմակերպել, և մեզանից յուրաքանչյուրը նրան մի փոքրիկ տորթ նվիրեց։ Իմ տորթն ինչ-որ տեղ կորել-մնացել էր, և աղջիկը մոտեցավ ինձ ու ասում է. «Բա ինչո՞ւ դու ինձ բոլորի պես տորթիկ չես նվիրել»։ Ես շփոթված, ինձ արդարացնելու համար, մոտավորապես այսպիսի մի բան ասացի. «Երևի կատուն է տարել...»։ Ինչին ի պատասխան աղջիկն ասաց ժպտալով. «Ոչինչ, ոչինչ, ես, մեկ է՝ քեզ առանց այդ տորթիկի էլ շատ եմ սիրում»... Ջերմ, անմիջական ու անկեղծ մանկական այս խոստովանությունն ինչ ասես արժի...
Թեկնածու Ղանդիլյանի դերում Ջոն Մակարյանն է։ Ղանդիլյանի օգնականի՝ հրեշ Սամվելոյի (որն իրագործում է իր շեֆի ստորությունները) դերը շատ հաջող կատարել է Ռուսական թատրոնի դերասան Արման Ղազարյանը։
Չինարի դերի համար նորից երկար ժամանակ դերասանուհի էինք փնտրում և վերջում հաստատեցինք Անի Գալստյանին, Արթուրի դերում նկարահանվել է Նարեկ Բաղդասարյանը «Համազգային» թատրոնից, Լորիկի մորաքրոջ դերում նկարահանվել է դերսանուհի Շաքե Թուխմանյանը... Մի խոսքով՝ ավելի քան քառասուն դերասան է մասնակցում մեծ ու փոքր դերերում։
Քասթինգը բավական բարդ էր, տեսափորձեր էինք անցկացնում. յուրաքանչյուր դերին առնվազն երեք դերասան էր հավակնում, մինչև որ վերջապես գտանք նրանց, ովքեր պետք էին։
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում ֆիլմի երաժշտությունը։
–Երգային լեյթմոտիվ ֆիլմում, իհարկե, կա, այդ թեման ուղեկցում է որոշ կադրերի, բայց հիմնական երաժշտությունը դեռևս չի ստեղծված, հիմա մենք կոմպոզիտորին ենք ընտրում, որի առջև բարդ խնդիր է դրվելու` ստեղծել արտասովոր երաժշտություն. չէ՞ որ այդ երաժշտությունը պետք է արտահայտի սյուժեի ողջ բարդությունը։ Գուցե դա երգչախմբային երաժշտության և դասական ոճի մի ինչ-որ միքս լինի, կամ էլ կոմպոզիտորն այլ լուծում կգտնի։ Տեսնենք։
-Ե՞րբ ֆիլմը կներկայացնեք կինոդիտողին։ Արդյո՞ք «Լորիկը» կներկայացվի ինչ-որ փառատոներում։
–Չեմ ուզում առաջ ընկնել, հիմա postproduction փուլում ենք և ուզում ենք այդ ամենն անել համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ օգտագործելով առաջավոր տեխնոլոգիաները։ Դա վերաբերում է ամեն ինչին՝ թե՛ մոնտաժին, թե՛ հնչյունավորմանը, թե՛ մնացած ամեն ինչին։ Ուստի, ֆիլմի՝ էկրան բարձրանալու կոնկրետ ժամկետ նշել չեմ կարող։ Ինչ վերաբերում է փառատոներին: Այո՛, մենք ծրագրում ենք, որ ֆիլմը փառատոնային է դառնալու։ Օրինակ, «Եթե բոլորը» ֆիլմով (2012թ. հայկական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանել է ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակ՝ Միքայել Պողոսյան։ Ֆիլմը մասնակցել է և դարձել միջազգային տարբեր կինոփառատոների դափնեկիր) ես բավական լուրջ քանակի և որակի փառատոներով եմ անցել, ֆիլմը մոտ տասնյոթ տարբեր մրցանակներ ու պարգևներ է ստացել: Այնպես որ, «Լորիկը», հույս ունեմ, նույնպես կներկայացվի կինոփառատոների և կզբաղեցնի իր արժանի տեղը։
(Նյութի աղբյուրը՝ miaban.am կայք)