Արզնի
Արզնի առողջարանային հանգստավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Հրազդան գետի կիրճում, Երևանից դեպի հյուսիս, 23 կմ հեռավորության վրա: Արզնիում կլիման ցամաքային է՝ մեղմ ձմեռ (միջին ջերմաստիճանը հունվար ամսին` -5oC), զով, հաճելի ամառ (միջին ջերմաստիճանը հուլիս ամսին` +22oC), և երկարատև, տաք աշունով: Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով Արզնին գերազանցում է Կովկասի բոլոր կուրորտներին:
Արզնու հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթու-քլորիդա-հիդրոկարբոնատանատրիումային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները՝ ցածր բարոմետրիկ ճնշումով: Արզնի հանքային ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ (1.25-2.0 գ/լ) և հանքային տարրեր (8-10 գ/լ), հանդիսանում են արդյունավետ բուժման հիմնական գործոնները:
Ծաղկաձոր
Ծաղկաձորը քաղաք է Հայաստանի Կոտայքի մարզում: Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1710 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա` ավան, 1958 թվականից` քաղաքատիպ ավան։ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան(XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1003թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ դեպի արևմուտք գտնվում է Սուրբ Հարություն եկեղեցին (1228թ.):
Հանքավան
Հանքավան, բալնեոկլիմայական առողջավայր ՀՀ Կոտայքի մարզում, գտնվում է Երևանից 85 կմ դեպի հյուսիս: Գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից 1900 մ։ Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։ Կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 16-18°C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7°C), արևափայլքի տևողությունը՝ տարեկան 2200 ժ, տեղումները՝ 660 մմ։ Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և հանքային ջուրը։ Հանքավանում գործում է առողջարանը (512 տեղանոց), ուր կիրառվում են ֆիզիոթերապիայի և բալնեոթերապիայի ժամանակակից բոլոր մեթոդները, մանկական առողջարանը, պանսիոնատները, հանքային ջրերի շշալցման գործարանը։ Բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Հանքավանի բուժիչ միջոցների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններով զբաղվել են Ս. Միրզոյանը, Ռ. Գրիգորյանը, Ջ. Շմավոնյանը, Բ. Վարդազարյանը, Ա. Մաշուրը, Է. Մինասյանը, Լ. Թումանյանը և ուրիշներ:
Դիլիջան
Որպես առողջարան, քաղաքին 1958 թ. տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ 1996 թ-ից, որպես վարչական միավոր մտնում է Տավուշի մարզի մեջ։ Բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի նախնական է, մոտավորապես 18000 մարդ:
Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ և հանքային ջրերն իրենց առողջարանական հատկություններով համարժեք են ֆրանսիական և վրացական հանքային ջրերին։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոս առողջարանի և վրացական Աբաստումանի հետ։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.:
Ջերմուկ
Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի Ջերմուկ է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին։
1967 թվականից հանրապետական ենթակայության և 1970 թվականից միութենական նշանակության առողջարանների կարգը դասված Ջերմուկը, այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում շուրջ 2 000 մահճակալով առողջարանների, հյուրանոցների, պանսիոնատների, համաբուժարանների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, կինոթատրոնի, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները:
Սևան
Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում: Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի` մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո): Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի` բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր: Աշխարհի` քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է): Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83 մ-ի։ Սևանա լճին շրջապատում են հարավից` Վարդենիսի, արևմուտքից` Գեղամա, հյուսիս-արևմուտքից` Փամբակի, հյուսիս-արևելքից` Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 խոր. կմ է: Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 1950-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։
Առողջարաններ
- 5398