Վիզա Հայաստան

ՀՀ մուտքի վիզաների տեսակները  

Համաձայն ՀՀ կառավարության 2012թ-ի հոկտեմբերի 4-ի թիվ 1255-Ն որոշման` Եվրոպական Միության անդամ պետությունների, ինչպես նաեւ Եվրոպական Միության Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները 2013 թվականի հունվարի 10-ից ազատվում են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ձեռքբերման պահանջից: Նշված երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:
Այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու, ընտանիքի վերամիավորման, զբոսաշրջության (հանգստի), բուժման, ՀՀ կրթական հաստատություններում ուսանելու, ՀՀ կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, ՀՀ տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, ՀՀ ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար`
•ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ՀՀ-ում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
•ՀՀ պետական մարմինների կամ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
•սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար`
•ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ՀՀ-ում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
•պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով ՀՀ ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար՝ մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
•ոչ ծառայողական նպատակներով ՀՀ ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար.
տարանցիկ մուտքի վիզա` ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:
Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում և երկարաձգում է և մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ evisa.mfa.am: և մուտքի վիզաները տրամադրում և երկարաձգում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: ՀՀ մուտքի վիզաները երկարաձգվում են միայն ՀՀ տարածքում, վիզայի ժամկետի ավարտից առաջ:
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մեկանգամյա մուտքի վիզայի վավերականության ժամկետը երկու ամսով գերազանցում է ՀՀ-ում գտնվելու ժամկետը, իսկ ՀՀ սահմանային անցման կետում կամ անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ տարածքում տրվող մեկ մուտքի վիզայի ժամկետը համապատասխանում է ՀՀ-ում գտնվելու ժամկետին: Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող մուտքի վիզայի վավերականության ժամկետը կարող է համապատասխանեցվել օտարերկրացու կողմից գրավոր հայտարարված ՀՀ մուտքի ժամկետի հետ:
ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

Հրավեր
ՀՀ կառավարությունը սահմանել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա: Նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները ՀՀ սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի /ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերն են` կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերի/: 

Հրավերի ձևակերպում
Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավեր ՀՀ արտաքին գործերի նախարարություն
կարող են ներկայացնել`
ա) ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք
բ) ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:
Ֆիզիկական անձինք հրավերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` www.passportvisa.am:  

Մուտքը Հայաստանի Հանրապետություն
Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ ՀՀ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված չէ:
Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:
Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում ՀՀ տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել փախստականի կարգավիճակ կամ քաղաքական ապաստանի իրավունք հայցելու նպատակով:
Օտարերկրացիների սեփական միջոցների բացակայության դեպքում նրանց վերադարձի ծախսերը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կատարում են փոխադրողները, որոնք իրականացրել են այդ օտարերկրացիների փոխադրումը ՀՀ, կամ Հայաստանի Հանրապետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Հայաստանի Հանրապետությունից ելքը
Oտարերկրացիները ՀՀ-ից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը ՀՀ տարածքում նրանց oրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ oրենքով կամ միջազգային պայմանագրերով: 
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելը
ՀՀ տարանցիկ երթևեկություն է համարվում որևէ պետությունից ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրացիների երթևեկությունը:
Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները ներկայացնում են դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա և կարող են մնալ ՀՀ տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: ՀՀ ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:
Եթե օտարերկրացին գտնվում է տարանցիկ գոտում և չի մտնելու ՀՀ տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: