Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես <<Արսիկա>>: Համույթը հանդես է եկել Հայաստանում, Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և շատ այլ երկրներում:
Եռյակը համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում: Մասնակցել է Լոզանում "Schubertiade", Կոստա-Ռիկայում "Festival de las Artes", Մեքսիկայում "Festival International Cervantino" փառատոններին: Եռյակի ելույթները բազմիցս հեռարձակվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Երաժշտական քննադատները բարձր են գնահատում երաժիշտների վիրտուոզ կատարումը, խորը երաժշտականությունը, ոճի զգացումը: 2006 թ-ից տրիոն հանդես է գալիս հետեվյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ: 2008 թ-ից եռյակը կրում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը: Եռյակը զբաղվում է նաև լուսավորչական գործունեությամբ` վարպետության դասեր է անցկացնում ՀՀ մարզերի դպրոցականների և ուսանողների հետ: Խաչատրյանի անվան եռյակը սերտորեն համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ: Համույթը իրականացրել է բազմաթիվ պրեմիրաներ:
Եռյակի կազմում շնորհալի երաժիշտներ են, որոնք աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և կատարման կուլտուրայով, ստեղծագործական գործունեությունը անմիջականորեն կապված է Երևանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ: Այստեղ են ձայնագրվում Եռյակի ձայնասկավառակները, իրականացվում են բազմապիսի ծրագրեր, կազմակերպվում համերգներ: Այն մասին, թե ինչպիսին է եղել 2015 թվականը և ինչ ծրագրեր ունեն երաժիշտները 2016–ին, պատմում է եռյակի դաշնակահար և Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը։
-Տիկին Գրիգորյան, ինչպիսի ՞ ն են եղել ստեղծագործական առումով 2014 և 2015 թվականները եռյակի համար:
-Ամենա կարևորը այն է, որ մենք ձայնագրել ենք երեք նոր սկավառակ, որոնք նվիրված են հայկական երաժշտությանը: Առաջին սկավառակը բաղկացած է հայ ժամանակակից կոմպոզիտորների՝ Վարդան Աճեմյանի, Լևոն Լևոն Չաուշյանի, Վահրամ Բաբայանի ստեղծագործություններից: Ձայնասկավառակը լույս է տեսել 2014-ին:
Հաջորդ սկավառակում (2015) ընդգրկված են Կոմիտասի, Սայաթ-Նովաի, Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, և, իհարկե, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք կատարում են Եռյակի երաժիշտները: Սկավառակի ձայնագրությունը հովանավորել է բարերար Ասատուր Գյուզելյանը, ով ապրում է Լոնդոնում: Նա եղել է Արամ Խաչատրյանի ընկերը և իր ստեղծագործությունների մեծ գիտակ, իսկ հիմա արդեն մի քանի տարի հանդիսանում է եռյակի և մեր տուն-թանգարանի լավ բարեկամը:
Երրորդ ձայնասկավառակը, որը լույս է տեսել ևս 2015-ին - "Aram Khachaturian. Chamber works" - ը, ներառում է Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները, որոնք կոմպոզիտորը գրել է ողջ կյանքի ընթացքում, և որոնք, ցավոք, այնքան էլ հայտնի չեն լայն հանրությանը և քիչ են ուսումնասիրված: Դա Cradle song for piano trio (1926), Suite for viola and in piano 2 movements (1929), Suite for two pianos (1944-45), Sonata for piano (1961) Sonata-fantasia for cello solo (1974 թ.) և այլ ստեղծագործություններն են: Ստեղծագործությունները կատարել են եռյակի երաժիշտները՝ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը և Կարեն Քոչարյանը, ինչպես նաև Մաքսիմ Նովիկովը (ալտ), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր): Մաքսիմ Նովիկովը նաև համագործակցում է եռյակի հետ որպես ձայնային ռեժիսեր, և արդեն մոտ երկու տարի ապրում է Երևանում:
-"Aram Khachaturian. Chamber works"-ը առանձնահատու՞կ սկավառակ է:
-Հենց այդպես է: Սկավառակը բաղկացած է երկւ մասից, մենք նաև ավելացրել ենք փոքր ներդիր-բուկլետ, որտեղ հրապարակվել են Արամ Իլյիչի հազվագյուտ լուսանկարներ տուն-թանգարանի արխիվից, ինչպես նաև նրա կենսագրությունից լայն հանրությանը քիչ հայտնի որոշ փաստեր: Ի դեպ, սկավառակի շնորհանդեսին ներկա էր կոմպոզիտորի թոռնուհին՝ Օլգա Կուզինան: Այս սկավառակի թողարկումը հովանավորել է Ucom ընկերությունը : Մեր բոլոր սկավառակները կարելի է ձեռք բերել Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում:
-Ինչպիսի՞ համերգներ են կայացել 2014 և 2015 թվականներին:
-Իհարկե, եղել են բազմաթիվ շրջագայություններ, համերգներ: 2014-ի մարտի 3-ին ՝ տեղի ունեցավ համերգ, որը նվիրված էր եռյակի 15-ամյակին: Համերգը կայացել է Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի (SYOA, դիրիժոր Սերգեյ Սմբատյան) մասնակցությաքմբ:
2014-ին եռյակը համերգներ ունեցավ Գերմանիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, և, իհարկե, Հայաստանում:
2015-ը նաև եղել է շատ հագեցած: Նշեմ, որ առաջին հերթին, մենք ցանկանում ենք երաժշտություն և ուրախություն պարգևել մեր հայ ունկնդրին: Համերգները կայացել են ինչպես Հայաստանում, այնպես ել արտերկրներում՝ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Լատվիաում, Ճապոնիայում և Իսպանիայում: Յուրաքանչյուր համերգ ունեցել է իր առանձնահատկությունը, իր ունկնդրին, իր էներգետիկան:
-Հավանաբար, Դուք արդեն ծրագրում եք 2016-ի համերգները:
-Կարող եմ ասել միայն առաջիկա համերգների մասին:
Փետրվարի 27-ին ՝ ժամը 19.00, Մոսկվայի կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացել է համերգ, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 95-ամյակին: Համերգի ծրագիրը հիմնականում բաղկացած էր Բաբաջանյանի երաժշտությունից, հնչել են ինչպես ակադեմիական, այնպես էլ հայտնի ստեղծագործություններ, երգեր:
Նաև կատարվել են Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի ստեղծագործությունները:
Ապրիլի վերջին մենք մեկնելու ենք Գերմանիա և Ռուսաստան: Բանակցություններ են գնում նաև այլ համերգների վերաբերյալ, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել:
-եռյակը նաև հիմնադրել է Դասական Երաժշտության Զարգացման Հիմնադրամը։ Ո՞րն է Հիմնադրամի նպատակը։
-Հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին, նրա նպատակն է հայկական մշակույթը ներկայացնել ամբողջ աշխարհում, ինչպես նաև գտնել տաղանդավոր երիտասարդներ, աջակցել նրանց, մարզերում կազմակերպել համերգներ, սեմինարներ, վարպետության դասընթացներ և այլն։ Հիմնադրամի պաշտոնական գործընկերներն է Beeline ընկերությունը: