Հայաստան, Երևան, Սայաթ-Նովայի պող., 4
Հեռ.՝ (+37410) 563243
www.armpuppet.am
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին: Սերգեյ Օբրազցովի դպրոց-ստուդիայի շրջանավարտ Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախմբի ջանքերի շնորհիվ 1935թ. հունիսի 5-ին թատրոնը ներկայացրեց հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա բեմադրված իր առաջին՝ “Շունն ու կատուն” ներկայացումը: Թատրոնի հիմնադիրների թվում էին դերասան և ռեժիսոր Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, մանկավարժ Մարուքե Դուրգարյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի առաջին տնօրենն էր Վարյա Ստեփանյանը: Տիկնիկային ռեժիսուրայի և դերասան-տիկնիկավարների նախապատրաստման պրոֆեսիոնալ դպրոցի ստեղծման գործում առանձնահատուկ ներդրում ունեն Մոսկվայի Կենտրոնական տիկնիկային թատրոնի դերասան և նկարիչ Պավել Յանշինը (1936թ. “Կաշտանկա”՝ ըստ Ա.Պ.Չեխովի) և, հատկապես, Լենինգրադի տիկնիկային թատրոնի ռեժիսոր և կոմպոզիտոր Բորիս Շունաևը (“Տիկնիկային քաղաք”՝ ըստ Ե.Շվարցի, “Գուլիվեր”՝ ըստ Ջ.Սվիֆթի, “Դոն Քիշոտ”՝ ըստ Սերվանտեսի): Բ. Շունաևի ղեկավարությամբ թատրոնում 1939-1948թթ. աշխատում էր ռուսական թատերախումբ:
Երևանի տիկնիկային թատրոնի պատմության մեջ նշանակալի տեղ են զբաղեցնում հայ հանրահայտ ռեժիսորներ Լևոն Քալանթարը (“Չախ-չախ թագավորը” ըստ Հովհ.Թումանյանի և “Հեքիաթ Սալթան թագավորի մասին”՝ ըստ Ա.Ս.Պուշկինի, 1938թ.) և Տիգրան Շամիրխանյանը (“Եղեգնուհին”՝ ըստ Ղ.Աղայանի, 1940թ.) նկարիչներ Խ.Եսայանը, Ս.Ստեփանյանը, Վ.Թևանյանը և Ա.Սարգսյանը: Ներկայիս՝ Սայաթ-Նովա 4 հասցեում թատրոնը գտնվում է 1975թ-ից ի վեր: Թատրոնն ունի երկու բեմ՝ մեծ և փոքր, որոնք հագեցած են ժամանակակից լուսային և ձայնային սարքավորումներով:
Թատրոնը հաճախ է մասնակցում բազում միջազգային փառատոնների, որոնց աշխարհագրությունը ձգվում է Հնդկաստանից մինչև ԱՄՆ: Թատրոնի միջազգային ճանաչման գործում մեծ է ռեժիսորներ Մանյա Ասլանյանի, Երվանդ Մանարյանի, Ռուբեն Բաբայանի, Նարինե Գրիգորյանի, Լարիսա Մանգասարովայի և Զարուհի Անտոնյանի ներդրումը: 1998թ.-ից թատրոնի տնօրենն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը: Գլխավոր նկարիչն է Հայաստանի վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանը: Թատերախմբում կա 35 դերասան: Թատրոնին կից գործում է հիմնադիր Պ. Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ թատերական տիկնիկի թանգարանը: