
Հայաստան, Երևան, Սարյան փ. 3, հեռ՝ (+374 10) 58 05 68
E-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, www.sarian.am
https://yerevanguide.am/hy/tangaranner/378-sarian-museum-am#sigProId9f6e769224
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ (1880 - 1972)«Ի՞նչ է կյանքը։ Մի կղզի։ Մարդիկ դուրս են գալիս ծովից, անցնում են կղզու վրայով և նորից մտնում են ծովը։ Եվ այս կարճ կյանքը, որ մարդ ապրում է, շատ երկար բան է։ Ճանաչելով բնությունը՝ մենք փառաբանում ենք կյանքի հրաշք գեղեցկությունը։
Մեր ժողովուրդը հաստատել է երկրագնդի մեծ օրենքը, միշտ արևի հետ մնալու օրենքը։ Մենք կապված ենք արևին, նա դարեր շարունակ տանում է երկիրը, ո՞ւր է տանում, չգիտես։
Գալիս են նոր սերունդներ և շարունակ արևը մնում է մարդու մեջ, ամեն մեկի մեջ։ Ուրեմն, մնանք հավատարիմ այդ մեծ օրենքին։ Սիրենք կյանքը, սիրենք լուսավորը, սիրենք համերաշխությունը, սիրենք սերը և մեր գործով արդարացնենք բնության վստահությանը։» ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
«Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ: Երևի այն օրերից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական հայրենիքի մասին, այն օրից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով: Գույն, լույս, երազ - ահա ինչով եմ ես այրվել: Գույնը իսկական հրաշք է: Դա երջանկություն է: Զարմանալի չէ՞, որ բնությունը այսքան գունեղ է, իսկ մոտ մի դար առաջ նկարիչները կտավին քսում էին մեծ մասամբ մութ խառնուրդներ: Բայց եկան իմպրեսիոնիստները և բաց արին մարդկության՝ վաղուց ի վեր մաքուր գույնի հանդեպ փակ աչքերը: Մեծ նշանակություն ունեն գույնի և լույսի ճիշտ հարաբերությունը:» ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
«...Սարյանի մեջ թաքնված է խոշոր ու հրաշալի արվեստագետը։ Բոլոր տվյալներն այստեղ առկա են։ Նա օժտված է գույների մեծ նրբազգացողությամբ, որոնք նրա մոտ առանձնապես հաճելի են, համարձակ, բնույթով վայելուչ և միևնույն ժամանակ գրավիչ վայրենիորեն։ Նրա գծանկարն էլ է ինքնուրույն, տարօրինակ, անկյունասուր, սակայն իր մեջ ճշմարիտ ուժ, իրական ոճ պարփակող։» - այսպես ե ասել Սարյանի մասին Ալեքսանդր Բենուան, նկարիչ, արվեստաբան, 1911 թ-ին:
«Նկարիչ Սարյանը, գիտակցաբար ու բնազդաբար ... ճիգ ու ջանքով ուսումնասիրել է Հայաստանի և Արևելքի գույներն ու ձևերը և մասնավորապես մեր մանրանկարչությունը, դարերի այս թանկ ժառանգությունը... և այս նյութերից է իր արվեստը՝ միանգամայն զուտ հայկական, ոճավորված, տոհմիկ:
Եվ այսպիսով նա գիտականորեն հիմն է դնում մեր նկարչական արվեստին կամ ավելի ուղիղը՝ վերազարթնեցնում է ու զարգացնում հինը, որովհետև նրա այդ նոր արվեստի տարրերը ապրում են դարերի խորքում՝ մայր հողի վրա:» ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ, 1924
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:
Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով: Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի կերպարվեստի ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ:
Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության լիակատար տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը: Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակությաին ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգների ընդգրկմամբ:
ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով:
Այն ընդգրկում է նաև հայտնի աշխատանքներ Սարյան ընտանիքի հավաքածուից: Այցելուները հնարավորութուն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը:
Առաջին հարկ՝ գրաֆիկական աշխատանքներ.
էսքիզներ և ճեպանկարներ (1901-1969),
դիմանկարներ (1942-1969),
գրքային նկարազարդումներ (1929-1934);
թատերական էսքիզներ (1938,1939),
վերջին տարիների գծանկարներ (1971 -1972):
Երկրորդ հարկ
Հայաստանում ստեղծված բնանկարներ (1922-1958),
նատյուրմորտներ, դիմանկարներ (1928-1963),
փարիզյան շրջան (1926-1928),
պատերազմական տարիների աշխատանքներ (1941-1945),
պաննո «Հայաստան» (1964),
վերջին շրջանի կոմպոզիցիաներ (1969):
Երրորդ հարկ՝ վաղ շրջանի ստեղծագործություններ.
ուսանողական տարիների գործեր (1896-1902),
«Հեքիաթներ և երազներ» շարք (ջրաներկ` 1903-1907,
տեմպերաներ` 1907-1908), 1909 թվականի աշխատանքներ,
Արևելյան շրջանի կտավներ (1910-1913),
նատյուրմորտներ, դիմանկարներ (1915-1917):
Մ. Սարյանի արվեստանոցում ցուցադրված են Վարպետի արվեստի հիմնական ժանրերը` դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ (1922-1963), ներկայացված այսպես կոչվող «խալիատիպ»` ողջ պատը զբաղեցնող, ցուցադրության եղանակով, որը բնորոշ էր XX դարասկզբի մասնավոր պատկերասրահներին: Արվետանոցում ցուցադրվում է նաև «Մարտիրոս Սարյան» (1965). վավերագրական ֆիլմը: Առանձնահատուկ ուշադրույթան են արժանի այստեղ պահպանվող նկարակալին մնացած վերջին յուղաներկ «Հեքիաթ» (1971) աշխատանքը և կլոր սեղանիկին թողնված վրձինները, ներկերն ու ներկապնակները: