Հայաստան

Հայաստանը (Հայաստանի Հանրապետություն) ցամաքային պետություն է Անդրկովկասում, գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում, իսկ մշակութային և քաղաքական նկատառումներով համարվում է եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղին, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային: Հայաստանի թագավորությունը 4-րդ դարի սկզբներին՝ մ.թ. 301 թ. առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։



Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը Հայ Առաքելական Եկեղեցին՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցին, դա երկրի հիմնական կրոնական հաստատությունն է։ Հայերը ունեն ուրույն այբուբեն, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը մ.թ. 405 թ.: Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որը ձգվում է Եփրատ և Տիգրիս գետերի ավազանից մինչև Փոքր Կովկասի արևելյան մասը։ 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել և տեղահանվել է Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևելյան մասը 1918 թ. ձեռք է բերել կարճատև անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում․ մինչ այդ այն մտնում էր Խորհրդային Միության կազմի մեջ որպես վերջինիս 15 հանրապետություններից մեկը (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն):

Պատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, սակայն նույնպես իրեն անկախ է հռչակում նույն թվականի դեկտեմբերի 10-ին, բայց ի տարբերություն Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչում չունի: ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեի արդյունքում։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։