«Նաիրիտի» վերագործարկման հույս կա. Էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարարը կուսումնասիրի հարցը

Հոկտեմբերի 4-ին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի նստավայրի դիմաց, այնուհետև ակցիան շարունակել Ազգային ժողովի պարիսպների մոտ: Նաիրիտցիները պահանջել են վերագործարկել գործարանը:

4 հոկտեմբերի 2016. Նախագահի նստավայրում «Նաիրիտի» աշխատակազմից երկու հոգու ընդունել են և պատասխանել նախապես գրված նամակին, հաղորդում է Tert.am-ը:
Արմեն Դեմիրճյանը, որը նախագահի նստավայր էր մտել նամակի պատասխանը ստանալու համար, լրագրողների հետ զրույցում ասել է, որ, ի պատասխան իրենց նամակի, ասել են՝ Էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարար է նշանակվել, կուսումնասիրի հարցը, իսկ առաջիկայում նաիրիտցիներին կընդունի ՀՀ վարչապետը.
«Հինգշաբթի օրը կրկին լինելու ենք Կառավարության դիմաց։ Այդ օրը Սլովակիայից ներդրող է գալու, հավանաբար դրանից հետո վարչապետը կընդունի մեզ. վերագործարկման հույս կա»:
Բողոքի ակցիա իրականացնող նաիրիտցիներին մոտեցել են պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Լևոն Դոխոլյանը. «Օրենքի նախագիծ ենք ներկայացրել, որով պահանջվում է հարկային արտոնություններ սահմանել: Առաջինը՝ մենք գնալու ենք մինչև վերջ, որովհետև սա ոչ միայն ձեր հարցն է, սա ոչ միայն արդյունաբերության խնդիր է, այլ երկրում սոցիալական արդարության առաջնային խնդիրն է։ Եթե չի լուծվում «Նաիրիտի» հարցը, ուրեմն սոցիալական արդարության գոնե նվազագույն չափի վրա պետք է խաչ քաշել»:
Ինչ վերաբերում է «Նաիրիտի» վերագործարկման համար ներդրողներին, Մհեր Շահգելդյանն ասել է, որ պետք է պետական երաշխիք լինի: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ EU ASIA Busines Finance Centre հոլդինգի ներդրողների պատվիրակությունը ժամանում է Հայաստան հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ներդրումային ծրագրերի քննարկման համար:Պատվիրակության մեջ ներգրավված են նաև Սլովակիայի կառավարության և ազգային Խորհրրդի կարևոր ներկայացուցիչներ: Սլովակիան, որպես Եվրոմիության նախագահող երկիր, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հետ գործակցության զարգացմանը, հատկապես Իրանի հետ Հայաստանի ունեցած բացառիկ կապերի և հնարավորությունների օգտագործման նպատակով:
Հոլդինգի համար առաջին հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի վերականգման հարցի լուծումն է, որի համար Հոլդինգի ներսում կազմակերպվել է «Նաիրիտ ԵՄ» կոնսորցիումը: Կառավարության հետ «Նաիրիտի» վերականգման խնդիրների քննարկման արդյունքում հոլդինգը հուսով է ձեռք բերել ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ և արագորեն սկսել կազմակերպչական աշխատանքները: /PanARMENIAN.Net/