Հայաստանը ճանապարհների որակով աշխարհի 138 երկրի ցանկում զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը՝ զիջելով հարևան բոլոր պետություններին:
1 հոկտեմբերի 2016. Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index), որում ճանապարհների որակի ցուցանիշով Հայաստանը հավաքել է 3.8 միավոր (1-7 սանդղակով): Սանդղակում նույն ցուցանիշն ունեն նաև Հոնդուրասը, Պակիստանը, Ջամայկան, Մակեդոնիան և Բութանը:
Հարևան պետություններից Վրաստանն ունի նույն ցուցանիշը, ինչ ՀՀ-ն, և 3.8 միավորով զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը, Թուրքիան 5.0 միավորով 28-րդ տեղում է, Ադրբեջանը 4.4 միավորով՝ 50-րդ, Իրանը 4.1 միավորով՝ 68-րդ: Ռուսաստանը 2.8 միավորով 123-րդ հորիզոնականում է:
Ճանապարհների որակի ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Լատվիան (95-րդ հորիզոնական), Բուլղարիան (94-րդ հորիզոնական), Ուկրաինան (134-րդ հորիզոնական):
Ցուցակը գլխավորում են ԱՄԷ-ն՝ հավաքելով 6.5 միավոր՝ հնարավոր առավելագույն 7-ից, Սինգապուրն ու Հոնգ Կոնգը՝ համապատասխանաբար 6.3 և 6.2 միավորով: Վատագույն ցուցանիշն ունեն Մադագասկարը (2.0 միավոր), Կոնգոն (2.1) ու Պարագվայը (2.2):
Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում: /PanARMENIAN.Net/