Խ. Աբրահամյան. Սահմաններ չեմ դնում արվեստի ուղղությունների միջև

Խաչատուր Աբրահամյան – միջազգային մասշտաբի նկարիչ՝ գրաֆիկական նկարիչ, գեղանկարիչ, մոնումենտալիստ, դիմանկարիչ, բնանկարիչ, ինչպես նաև ճարտարապետ և դիզայներ: Ծննդյան տարեթիվ` 1960թ.: Ավարտել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1984-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների:

  Նա նաև հանդիսանում է, որպես բազմափորձ հանրային գործիչ, որը ստեղծել և գլխավորել է հայ նկարիչների կենտրոնը, ինչպես նաև կազմակերպել է Հայաստանի և սփյուռքի նկարիչների բազմաթիվ ցուցահանդեսներ: Խ. Աբրահամյանի գործերը գտնվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Եգիպտոսի, Քուվեյթի, ՄԱԷ-ի և Սիրիայի պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում և Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում: 1992թ-ից Խ. Աբրահամյանը դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1994 թ-ից նա հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ, Ֆրանսիա: 1995թ-ից Ռուսաստանի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ է: 2009 թ-ից նա դարձավ Մոսկվայի նկարիչների միության անդամ, ք. Մոսկվա:

Խ. Աբրահամյանը պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շքանշաններով՝ հայ–եգիպտական բարեկամության շքանշան(ք. Կահիրե, տրվել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանի կողմից), Ամենայն Ռուսաց Պատրիարք Ալեկսիյ Երկրորդի <<Տաղանդ և կոչում>> շքանշանը, <<Խաղաղարար>> համաշխարհային բարեգործական միության ակնառու ձեռքբերումների համար <<Տաղանդ և կոչում>> շքանշանը և այլն: Աբրահամյանը համագործակցել է նաև Իտալիայի մշակույթի նախարարության հետ: 2010 թ. սեպտեմբերին Իտալիայի Նեապոլ քաղաքում բացվել է հայ նկարիչների ամենամեծ ցուցահանդեսը: Այժմ նկարիչը ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, ժամանակ առ ժամանակ գալիս է Հայաստան:

Ստեղծագործական կյանքի մասին

Արտասովոր թեթևություն, պարզություն և միաժամանակ դյութիչ գեղեցկություն՝ այսպես կարելի է նկարագրել նկարիչ Խաչիկ Աբրահամյանի ստեղծագործությունները: Նկարիչ, ճարտարապետ, դիզայներ Խ. Աբրահամյանը բազմակողմանի է, և նրա յուրաքանչյուր նկարը՝ յուրահատուկ: Այդ իսկ պատճառով, նայելով նրա նկարներին՝ ինչ-որ անկրկնելի, բայց հոգիդ ջերմացնող զգացում է պատում, նրա նկարները հուզում և կարծես խոսում են քո հետ: <<Նկարիչ լինելու համար քիչ է ուղղակի նկարել, քիչ է միայն փայլուն տիրապետել տեխնիկային։ Իսկական նկարչի մոտ հոգու և մտածելակերպի, զգացմունքների և էմոցիաների, ցանկությունների և աշխարահայացքի միահյուսումը տաղանդի հետ մեկտեղ ձևավորում է ոչ թե ուղղակի նկարելու, այլ նրանց օգնությամբ խոսելու ունակություն։ Եվ այդ ժամանակ գույները կենդանանում են>>,- ասում է Խ. Աբրահամյանը։ Ներշնչանքը նա ստանում է գեղեցկությունից, որը կարելի է տեսնել ամենուրեք՝ ընկած տերևը, ձյունածածկ ծառը, թառամած վարդը (տխուր գեղեցկություն), քնած երեխան: Ինչպես խոստովանում է Աբրահամյանը, նա երբեք հատուկ չի փնտրում գեղեցկությունը, հենց կյանքի մեջ է տեսնում այն։ <<Ես չեմ կարող ասել, որ նկարում եմ մեկ ուղղվածությամբ։ Ոճերի և ուղղությունների միջև ես հստակ սահմաններ չունեմ։ Կախված նկարի գաղափարից, ես այն նկարում եմ այս կամ այն երանգներով։ Երբեմն ոճերը և ուղղությունները միաձուլվում են և կարող են համադրվել նույն նկարում։ Այստեղ կարևորն այն է, թե ինչ է ուզում ասել նկարիչը իր ստեղծագործությամբ։ Հնարավոր է, որ նրա նկարներում աբստրակտ գծերը արտահայտեն մեկ միտք, գրաֆիկան՝ այլ միտք, իսկ պոստմոդերնը համալրի ամբողջը և այդպես անվերջ>>,- ասում է նկարիչը։

Նրան հուզում է հին աշխարհի առեղծվածային գեղեցկությունը, նրան հետաքրքիր է անցյալը, հատկապես՝ հեռու անցյալը։ <<Եթե ես փորձեմ արտահայտել իմ նկարները երաժշտության միջոցով, ապա դա կլինի տարբեր դարաշրջանների երաժշտություն՝ Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Կոմիտաս, Խաչատրյան, գուսանական երգեր, կամ հին Հունաստանի և Բաբելոնի երաժշտություն, Վենետիկյան գոնդոլյերների տխուր կամ կառնավալային ուրախ երաժշտություն, երբեմն ել ժամանակակից մոտիվներ>>։ Աբրահամյանը ընդհանրապես սահմաններ չի դնում արվեստի ուղղությունների միջև։ Երաժշտություն, թատրոն, կինո, ճարտարապետություն՝ դրանք բոլորը փոխկապակցված են նկարչի հոգում։ Նա նաև հաճույքով ֆիլմ կնկարահաներ՝ ինչպես գեղարվեստական, այնպես էլ փաստագրական։ Բայց այնուամենայնիվ կյանքը նա ընկալում է գեղանկարչության միջոցով, աշխարհը տեսնում գույների օգնությամբ և նկարների միջոցով մարդկանց է փոխանցում իր զգացմունքները, որոնք նման են կտավի վրա անշարժացած նուրբ, անսահման գեղեցիկ երաժշտության։