Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

10362

Հայաստան, Երևան, Զարոբյան 3, հեռ` (+37410) 589418
E-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, www.akhachaturianmuseum.am
Facebook:http://www.facebook.com/museum78


Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ 11.00-17.00, շաբաթ 11.00-16.30
Հանգստյան օրը՝ կիրակի
Այցետոմս՝500 դրամ, դպրոցականների համար՝ 200 դրամ, , ուսանողների և թոշակառուների համար 300 դրամ:
Էքսկուրսիա՝ հայերեն լեզվով - 2000 դրամ, ռուսերեն և անգլերեն լեզուներով - 2500 դրամ:


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ (1903-1978)


Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա խիստ ինքնատիպ, գունագեղ, մե’րթ խանդավառ ու կրքոտ, մե’րթ հանդարտ ու մեղմ, քնարական հուզականությամբ ու բուռն զգացումների հզոր պոռթկումներով հագեցած երաժշտությունը բացառիկ բնատուր տաղանդի արտահայտություն է: Ժանրերի բազմազանությունը, ռիթմի ու ոճի արտասովորությունը, ներդաշնակված ինտոնացիոն առանձնահատկություններով, վկայությունն են կոմպոզիտորի վառ անհատականության:
Նրա ստեղծագործությունները կատարել և կատարում են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, ձայնագրվում են աշխարհի առաջատար ստուդիաներում, հրատարակվում են առաջատար հրատարակչություններում: Արամ Խաչատրյանի գործունեությունը հսկայական նշանակություն ունեցավ ժամանակակից երաժշտարվեստի և հատկապես հայ նոր կոմպոզիտորական դպրոցի զարգացման գործում: Արամ Խաչատրյանն իր մահկանացուն կնքեց 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Նա հանգչում է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին: Հայաստանի մեծ զավակի հիշատակը հավերժացնելու համար 1984 թ-ին Երևանում բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը:


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

«Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ դժվար էր թղթի վրա արված գծագրով պատկերացնել ապագա տուն-թանգարանը: Արտաքինից այն շատ գեղեցիկ էր ու համոզիչ, իսկ ներքին դասավորությունն ու ձևավորումը ավելի դժվար էր պատկերացնել: Նախագիծն, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ և ես կուզենայի հաստատել այն ...» Արամ Խաչատրյան, 29 հունվարի, 1978թ., Մոսկվա



Տուն-թանգարանի տնօրեն
Արմինե Գրիգորյան
Երևանի պետ. կոնսերվատորիաի
պրոֆեսոր
միջազգային մրցույթների
դափնեկիր
Ա. Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակարուհի:


ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Հայ ժողովրդի մեծ զավակ, անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ-ին: Այն կոչված է մեծ արվեստագետի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու:
Տուն-թանգարանը ստեղծվեց մարշալ Բաղրամյանի պողոտայի և Պլեխանով /այժմ` Զարոբյան/ փողոցի հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա, որ 1947 թ-ին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը:
Միահարկ առանձնատունը /ճարտարապետ Մարկ Գրիգորյան/ բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի:
Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվել էր 1976 թ-ի հուլիսի 21-ին` դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք:


Նա առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին, որ ստեղծել էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները:
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մահից հետո` թանգարանի շենքի նախագծային աշխատանքներն ավարտեց ճարտարապետ էդվարդ Ալթունյանը:
Տուն-թանգարանի խնդիրներն է հավաքածուի առավելագույն ամբողջականացումը, հավաքածուն անվտանգ պահպանելը և պատշաճ մակարդակով հանրությանը ներկայացնելը:


ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ


Հիմնադրման առաջին իսկ օրվանից թանգարանը ձեռնամուխ է եղել աշխարհի տարբեր ծայրերից Ա. Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արժեքավոր նյութեր հավաքելուն: Աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանի ստեղծման լուրը մեծ արձագանք գտավ նրա արվեստի երկրպագուների շրջանում: Արդյունքում` թանգարանի հավաքածուում այսօր ընգրկված են մոտ 18000 թանգարանային առարկա, որոնցից մոտ 13000-ը` հիմնական հավաքածուում: Կոմպոզիտորի որդին` Կարեն Խաչատրյանը նվիրել է թանգարանին ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը` Արամ Խաչատրյանի դաշնամուրը, նաև ննջասենյակի կահույքը, կենցաղային և անձնական իրեր, հագուստ, անձնական արխիվի մի մասը: Նա նվիրել է թանգարանին նաև Ա. Խաչատրյանի կնոջ` կոմպոզիտոր Նինա Մակարովայի կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, որոնք նույնպես ցուցադրվում են: Նյութերը հիմնականում նվիրատվության կարգով ստացվել և ստացվում են նաև կոմպոզիտորի բարեկամներից, գործընկերներից, աշակերտներից, նրա արվեստի հայ և արտասահմանցի երկրպագուներից, սփյուռքից:

Դրանք լուսանկարներ են, ծաղրանկարներ, ստեղծագործությունների տարբեր տարիների և տարբեր երկրների հրատարակություններ, արժեքավոր փաստաթղթեր, Ա. Խաչատրյանի մասին տարբեր լեզուներով գրված գրքեր, հոդվածներ, Հայաստանում և արտասահմանում կոմպոզիտորի հեղինակային համերգների, նրա ստեղծագործությունների անվանի երաժիշտների կատարումների, բալետների ներկայացումների ազդագրեր, բուկլետներ, ծրագրեր, ձայնագրություններ, տեսագրություններ, քանդակներ, ֆիլմեր: Հավաքածուում տեղ են գտել նաև Ա. Խաչատրյանի պարգևները, դիպլոմները, շքանշանները, մեդալները` ստացված հայրենիքում և արտասահմանում: Առավել արժեքավոր նմուշներ են Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի կլավիրի ձեռագիրը, Ջութակի կոնցերտի կլավիրի էսքիզների ձեռագիրը` անվանի ջութակահար Դավիթ Օյստրախի նշումներով, ՙՎալս Կապրիսի՚, Լերմոնտովի ՙԴիմակահանդես՚ դրամայի երաժշտությունից ՙՎալսի՚, ՙՄազուրկայի՚, ՙԳալոպի՚, ՙԽորալի՚ ձեռագրերը, վոկալ ստեղծագործությունների ձեռագրեր, Ավետիք Իսահակյանի խոսքերով ՙՀայրենիքիս՚ ռոմանսի ձեռագիրը, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի` Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված ՙԷլեգիայի՚ ձեռագիրը, ստեղծագործությունների առաջին հրատարակությունները /1926-1929թ./ կոմպոզիտորի ընծայագրերով, նաև` լուսանկարներ, գրքեր, բուկլետներ` ընծայագրերով և մակագրություններով, բալետների բեմադրությունների ձևավորման էսքիզներ: Հավաքածուի առավել արժեքավոր նմուշներ են կոմպոզիտորի ձեռագիր նամակները:


ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ցուցադրության դիզայներ՝ ճարտարապետ, նկարիչ Հայկազ Քոչար)


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրությունը բացվել է 2008 թվականի հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակի օրը: Այդ օրը նշվում էր նաև տուն-թանգարանի հիմնադրման 30-ամյակը: Նոր վերանորոգված ընդարձակ ու լուսավոր ցուցասրահներում այցելուների առջև բացվում է խաչատրյանական մի նոր աշխարհ, ուր հառնում է հայ ժողովրդի ամենասիրված և ամենաճանաչված զավակներից մեկի պայծառ կերպարը` իր բեղուն ու իմաստալից կյանքի հետաքրքիր ու հուզումնալից էջերով: Տուն-թանգարանի հավաքածուից ցուցադրության համար ընտրված նյութերը` լուսանկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, տարբեր հրատարակություններ, հեղինակային համերգների և բալետային ներկայացումների հայտագրեր, ծրագրեր, բուկլետներ, բեմական իրեր, հոբելյանական ուղերձներ, դիպլոմներ, շքանշաններ, մրցանակների և կոչումների վկայագրեր, գրքեր, հոդվածներ, հիշատակի նվիրումներ սրահներում ցուցադրվում են համակարգված` ըստ կոմպոզիտորի կյանքի ժամանակագրության և ստեղծագործության էվոլյուցիայի:

Դրանք նախ պատմում են նրա մանկության, պատանեկության մասին, Թիֆլիսյան այն միջավայրի մասին, որտեղ ձևավորվել են ապագա կոմպոզիտորի երաժշտական աշխարհայացքը, սերը երաժշտության նկատմամբ, ձգտումները, ապա ներկայացվում են ուսումնառությունը Մոսկվայում, մուտքը երաժշտության մեծ աշխարհ, առաջին ստեղծագործական քայլերը, այնուհետև` ստեղծագործական վերելքի տարիներին ստեղծված սիմֆոնիկ և գործիքային ստեղծագործությունները, դրանց առաջին կատարումները, հայ և օտարերկրյա հանճարեղ կատարողների մի ամբողջ համաստեղություն: ,,Հայաստան’’ բաժնում ներկայացված նյութերը` հայրենիքում ստացած կոչումների վկայագրերը, մրցանակները, շքանշանները, հրատարակված գրքերը, անվանի կոմպոզիտորներ Ա. Բաբաջանյանի, Էդվ. Միրզոյանի, Գ. Չթչյանի, Մ. Մավիսակալյանի նվիրումները Ա. Խաչատրյանին` հրատարակված և ձեռագիր տարբերակներով, լուսանկարները և շատ այլ հետաքրքիր ցուցանմուշներ


ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


Թանգարանում իրականցվող գիտաֆոնդային աշխատանքներն ուղղված են կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության խորը ուսումնասիրմանը: Թանգարանը զբաղվում է կոմպոզիտորին վերաբերող նյութերի հրատարակմամբ: Հավաքածուի նյութերի հիման վրա արդեն լույս են տեսել Ա. Խաչատրյանի նամականին 3 հատորով` հայերեն և ռուսերեն, թանգարանի բուկլետը, պարբերաբար հրատարակվում են թանգարանի նոր ցուցադրության գովազդային բուկլետները: Տուն-թանգարանում կազմակերպվում են արդեն ավադական դարձած միջոցառումներ` փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ:

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎ. ՏՐԻՈ


Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես “Արսիկա”: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Մերձբալտյան երկրներում, Ավստրիայում, Գերմանիայում , Չինաստանում, Բուլղարիայում, Չեխիայում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Հայաստանում: Տրիոն համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: Եռյակի ելույթները բազմիցս հեռարձակվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Երաժշտական քննադատները բարձր են գնահատում երաժիշտների վիրտուոզ կատարումը, խորը երաժշտականությունը, ոճի զգացումը: 2006 թ-ից տրիոն հանդես է գալիս հետեվյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ: 2008 թ-ից եռյակը կրում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը: Եռյակը զբաղվում է նաև լուսավորչական գործունեությամբ` վարպետության դասեր է անցկացնում ՀՀ մարզերի դպրոցականների և ուսանողների հետ: Խաչատրյանի անվան եռյակը սերտորեն համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ : Համույթը իրականացրել է բազմաթիվ պրեմիրաներ, մի շարք ստեղծագործություններ ձոնվել են եռյակին: Եռյակի կազմում շնորհալի երաժիշտներ են, որոնք աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և կատարման կուլտուրայով: Տրիոյի ստեղծագործական գործունեությունը անմիջականորեն կապված է Երևանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ: Այստեղ են ձայնագրվում Տրիոյի ձայնասկավառակները, իրականացվում են բազմապիսի ծրագրեր, կազմակերպվում համերգներ: Տրիոյի կայք՝ www.khachaturiantrio.com.


ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆ


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գրադարանում ընդգրկված են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով գրքեր, մենագրություններ, որոնք լուսաբանում են կոմպոզիտորի կյանքի կարևոր շրջանները, ստեղծագործությունը, բազմակողմանի գործունեությունը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ձայնադարանի հիմնադրման նախաձեռնողը կանադահայ Հարմիկ Գրիգորյանն է: Նա թանգարանին է նվիրել համաշխարհային դասական երաժշտության գոհարների ձայնագրությունների եզակի հավաքածու (CD տարբերակով), ինչպես նաև անհատական և մասայական ունկնդրման համապատասխան սարքավորումներ: Այժմ, երբ արդեն այդ ձայնագրությունների թիվը հասնում է 7000–ի, Հ.Գրիգորյանը պարբերաբար նվիրում է նաև ձայնագրություններ DVD տարբերակով: Թանգարանին իրենց ձայնագրություններն են նվիրում շատ երաժիշտներ ու կոմպոզիտորներ: Ձայնադարանի հավաքածուն մատչելի է բոլորին, ովքեր ցանկանում են ունկնդրել աշխարհի լավագույն կատարողներին:
Տուն-թանգարանն իր երախտագիտությունն է հայտնում՝
Արծրունի Շահանին(ԱՄՆ)
Սիրվարդ Ղարամանուկյանին(Թուրքիա)
Արմիկ Գրիգորյանին (Կանադա)
Ասատուր Գյուզելյանին (Անգլիա)
Լյուսի եւ Սուրեն Հարությունյաններին (ԱՄՆ)
Լիգեա Մաթեւոսյանին (ԱՄՆ)
Արմեն Մեծատուրյանին (Արգենտինա)
Տիգրան Մոստիջյանին (Բրազիլիա)
Դորա Սերվիարյան-Կուխ-ին (ԱՄՆ)
Ռոյ Քելեքյանին (ԱՄՆ):
Տուն-թանգարանը նաև համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայկական Երաժշտական Ասամբլեան և այլն: